Արմինֆո.Թուրքիան և Ադրբեջանը, դատելով ըստ ամենայնի, այսուհետեւ չեն բարձրացնի աշխարհաքաղաքական խաղադրույքները Հայաստանի ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը:
"Իլհամ Ալիեւի վերջին բոլոր ելույթները, համատեղ զորավարժությունները Հայաստանի սահմանների մոտ, Անկարայի եւ Բաքվի կողմից ուժի ցուցադրման միանշանակ փորձ են՝ նպատակ ունենալով ամրապնդել 44-օրյա պատերազմի արդյունքում ձեռք բերած հաջողությունը։ Եվ ահա հիմա նրանք պետք է ցուցադրեն սեփական նշանակությունը, ցույց տան տարածաշրջանային անվտանգության, տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների հարցերի լուծման անհնարինությունը ՝ առանց հաշվի առնելու իրենց կարծիքը", - ընդգծել է նա։
Երեւանում, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ գոյություն ունեցող տարածաշրջանային նախագծերը դիտարկվում են որպես ղարաբաղյան ճակատում ռազմական անհաջողությունների շարունակություն եւ հայկական նահանջի հերթական դրսեւորում: Այս համատեքստում Մարկեդոնովը 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. Հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հեռանկարը գնահատում է որպես բավական դժվար Երևանի ցանկացած իշխանության համար՝ անկախ առաջնորդի ազգանունից։
Այս առումով՝ Ադրբեջանը, ըստ վերլուծաբանի գնահատականների, գտնվում է ավելի շահավետ վիճակում, ինչը նրա ղեկավարությանը թույլ է տալիս ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ հայտարարություններով, ռազմական զորավարժություններով Հայաստանի սահմանների մոտ եւ այլն: Այդ ամենի նպատակն է սահմանների՝ Բաքվի համար շահավետ եւ արագացված սահմանազատումն ու սահմանագծումը, ինչը թույլ կտա ձեռնամուխ լինել տրանսպորտային միջանցքների լիարժեք գործարկմանը: Ընդ որում, Մարկեդոնովը բնավ վստահ չէ հակամարտության լուծման համար տնտեսական գործիքակազմի կիրառման բուն գաղափարի, արդյունավետության ու շտապ իրականացման հարցում։
"Ամեն դեպքում, ես չէի կանխագուշակի հերթական պատերազմը։ Մտադրություններն ու ախորժակները մի բան են, իսկ իրողությունները, այնուամենայնիվ, մի փոքր այլ են։ Մինչդեռ, հենց իրողությունները տարածաշրջանում փոխվել են մի շարք պարամետրերով։ Դրանցից մեկն է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը։ Այսպիսով, ցանկացած նոր ռազմական գործողությունում անխուսափելիորեն կներգրավվեն նաև ռուս զինվորականները։ Եվ ես չեմ կարծում, որ խաղադրույքների նման խիստ բարձրացումը կարող է համապատասխանել Թուրքիայի և, առավել ևս, Ադրբեջանի շահերին։ Ավելին, ես չեմ ակնկալում թուրք-ադրբեջանական ներխուժում, ինչպես նաև՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասի օտարման փորձ", - ամփոփել է Մարկեդոնովը։