Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ. աշնանը Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու վրա ադրբեջանցիների հարձակումները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Եվրոպայի հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, Եվրոպական հանձնաժողովի անդամ Լուկաս Ֆուրլասի կողմից Եվրոպական հանձնաժողովի անունից հրատապ գրավոր հարցին ի պատասխան, ԵՄ Բարձր ներկայացուցիչ/ փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրոպական հանձնաժողովի անունից ափսոսանք է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարին վնաս հասցնելու փաստի կապակցությամբ:
Ընդ որում, եվրախորհրդարանականի այն հարցին, թե արդյոք Եվրահանձնաժողովը մտադիր է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության եւ պաշտամունքի վայրերի պաշտպանության համար, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Եվրոպական հանձնաժողովում հայտարարել են, որ ցավում է Լեռնային Ղարաբաղում կրոնական եւ պատմական հուշարձանների ավերման համար եւ ընդգծում է մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման եւ վերականգնման կարեւորությունը:
"Բացի այդ, իր պատասխանում եմ բարձր ներկայացուցիչը վկայակոչում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձեւը, որում տրվում է կրոնական, կրթական եւ մշակութային կենտրոնների դեմ ուղղված ռազմական հանցագործությունների սահմանումը: Եվրոպական հանձնաժողովը նաեւ ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության առաջին փաստացի գնահատումն իրականացնելու նպատակով: Դա նաեւ կնպաստի մշակութային օբյեկտների պահպանմանն ու վերականգնմանը", - նշվում է հաղորդագրության մեջ ։
EAFJD-ի նախագահ Կասպար Կարամպետյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմի ընթացքում եւ դրանից հետո կատարած սարսափելի պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ քաղաքացիական բնակավայրերի, ինչպես նաեւ կրոնական օբյեկտների, այդ թվում նաեւ Շուշիի Ղազանչեցոց տաճարի վրա հարձակումները: "Շուշին, անկասկած, պատմական հայկական քաղաք էր, մշակույթի և կրթության կարևոր կենտրոն և Արցախի հայկական վերածննդի խորհրդանիշ։ Միջազգային հանրությունը և համապատասխան կազմակերպությունները պետք է ուշադիր հետևեն և վերահսկեն հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը տարածաշրջանում։ Մենք չպետք է թույլ տանք մշակութային ցեղասպանության եւս մեկ ակտ, ինչպիսին է Նախիջեւանում հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ 2006 թվականին։ Հայկական պատմական ներկայությունը ոչնչացնելու ամեն մի փորձ պետք է կանխվի եւ խստագույնս դատապարտվի", - ամփոփել է Կարամպետյանը:
Հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ գնդակոծվել էր Ադրբեջանի ԶՈՒ կողմից: