Արմինֆո.Էդմոն Մարուքյանի ՝ վարչապետի թեկնածու առաջադրվելուց հրաժարվելն ու իշխանության հետ համապատասխան հուշագիր ստորագրելու նրա պատրաստակամությունը պայմանավորված են երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությամբ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Ավելի վաղ "Լուսավոր Հայաստանի" առաջնորդ Էդմոն Մարուքյանը իր կուսակցության խորհրդարանական խմբակցության անունից պատրաստակամություն էր հայտնել ցանկացած հուշագիր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ Փաշինյանի հրաժարականի դեպքում սեփական թեկնածությունը չառաջադրել վարչապետի պաշտոնի համար: Նշենք, որ այդ նախաձեռնությանը խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության միանալու դեպքում խորհրդարանը կարող է լուծարվել, ինչը կառավարող "Իմ քայլը" դաշինքին թույլ կտա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
"Ավելի վաղ, երբ Մարուքյանը հրաժարվում էր հետեւել " Իմ քայլը " դաշինքի կոչերին, երկրում չկար դիմակայություն գործադիր իշխանության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի միջեւ։ Այսօր այն կա։ Ինչից բխում է նման անթույլատրելի իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։ Տվյալ կոնկրետ դեպքում՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Վարչապետը իրավիճակը հասցրել է այն աստիճանի, որ մեզ այլ տարբերակ չի մնում։ Եվ մեզ համար այս ամենում գլխավորը պետության շահերն ու մեր երկրի անվտանգությունն են", - ընդգծել է նա։
Խորհրդարանականը երկրում առկա ներքաղաքական ճգնաժամի կարգավորման և հաղթահարման այլ ճանապարհ չի տեսնում՝ քան խորհրդարանական ընտրությունները։ Ընդ որում, Գորգիսյանն ընդգծել է, որ ինքը ՝ Փաշինյանը, արտահերթ ընտրությունների բնավ չի ձգտում։ Իսկ ընդդիմությանը պարբերաբար ընտրությունների հրավիրելը բլեֆ է։
"Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Եվ եթե մենք տեսնում ենք երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, անգամ, շատ փոքր հնարավորություն, ապա մենք պատրաստ ենք դրան հետեւել: Գլխավորն այն է, որ դա համապատասխանի պետության շահերին։ Ներքաղաքական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը թելադրում է ամեն ինչ", - հայտարարել է նա։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառման միջոցով գործող իշխանության վերարտադրման հնարավորությանը՝ խորհրդարանականը նկատել է, որ Փաշինյանի կողմից այդ ռեսուրսի հարկադրված կիրառումը՝ մարդկանց սեփական հանրահավաքին հրավիրելու նպատակով, արդեն իսկ ցույց է տալիս նրա ձախողումը: Հետևաբար, նույնիսկ այդ ռեսուրսը կիրառելով, նա, ըստ Գորգիսյանի, ի վիճակի չէ մնալ իշխանության ղեկին։ Եվ "Լուսավոր Հայաստանը", նրա հավաստմամբ, ամեն ինչ անելու է Փաշինյանի՝ հաջորդ գումարման խորհրդարանում հայտնվելու հեռանկարն իսկ նվազագույնի հասցնելու համար։