Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը: Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմեն Սարգսյանի տուն։ "Սպառնալով անձնական անվտանգությանը՝ Փաշինյանը նախագահ Սարգսյանից պահանջել է ստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը", - հաղորդել են տարբեր աղբյուրներ: