Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի կարիերայի ավարտի սկիզբը սկսվել է պաշտոնը ստանձնելու պահից և նրա նոր կառավարության կազմակերպման պահից։
Վերջը կանխորոշված էր թեկուզ այն փաստով, որ Փաշինյանը, ունենալով բացարձակ իշխանություն և լեգիտիմություն, չկարողացավ համախմբել վերնախավը, հասարակության բոլոր ուժերին, Սփյուռքը՝ զարգացման իրական ծրագիր առաջ քաշելու նպատակով։ Այս մասին «Նորությունների դաշնային գործակալության» միջազգային խմբագրությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս - Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
Նրա կարծիքով, մնացածը ժամանակի հարց էր։ «Հայ հասարակության գրեթե ողջ մտածող մասը․ Սփյուռքից մինչև կաթողիկոս, նախագահից մինչև գիտությունների ակադեմիա, դեմ է արտահայտվել։ Ի վերջո՝ գլխավոր շտաբը։ Սա ոչ թե «վերջի սկիզբն է», այլ վերջի վերջը։ Ամեն ինչ օրինաչափ է, և որքան Նիկոլ Փաշինյանը շարժվում է դեպի հայոց պետականության ոչնչացում, այնքան նրան ավելի ուժեղ են դիմակայում»։
Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչի վրա է հենվում Փաշինյանը, նախկին վարչապետը նշել է, որ Փաշինյանը հենվում է հայերի այն վախի վրա, որ ամեն ինչ կարող է ավելի վատանալ։ Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն այս ընթացքում սխալ է զարգացել ։
Մինչդեռ, զարգացնելով գործող վարչապետի թիմի բացահայտ ռուսատյացության թեման, Դարբինյանն ընդգծել է, որ Փաշինյանի և նրա թիմի՝ իշխանության անսպասելի գալը երկու ուղղությունների փոխգործակցության արդյունքն է: Նախ ՝ դա նախորդ իշխանության չընդունումն է, և երկրորդ ՝ Մոսկվայի և Փաշինյանի միջև փոխգործակցության բացակայությունը մինչև իշխանության գալը ։
«Ես չեմ կարող պնդել, թե ում գործակալն է նա, բայց այն, որ այդ մարդկանց խումբը բացարձակապես հեռու է Ռուսաստանից և ռուս-հայկական փոխգործակցության էության ըմբռնումից, փաստ է։ Նրա և ՌԴ-ի միջև փոխգործակցությունը հարկադրված է։ Փաշինյանը ուրախ կլիներ ցանկացած պահի դուրս գալ այդ փոխգործակցությունից», - կարծում է Դարբինյանը։
Ռեկտորն իր անհամաձայնությունն է հայտնել առ այն, որ Փաշինյանի օրոք Հայաստանում հակառուսական տրամադրությունները խթան են ստացել: «Ռուսաստանից վախենում են միայն նրանք, ովքեր այդ երկրին լավ ծանոթ չեն։ Եվ արևմուտքում այն ուժերը, որոնք գտնվում են հակառուսական քարոզչության ճիրաններում, նրանք լավ չեն ճանաչում Ռուսաստանը։ Իսկ դա նշանակում է, որ նրանք վախենում են նրանից, և առաջանում է ռուսատյացության այդ նույն տարրը։ Փաշինյանի թիմը հաստատ լավ չի ճանաչում Ռուսաստանը, չի հասկանում ռուս-հայկական միության էությունն ու առաջնահերթությունները, ուստի հակառուսական կամ, եթե ուզում եք, ռուսատյաց է դառնում։ Իսկ ինչ վերաբերում է հայ հասարակությանը, ապա Հայաստանում հակառուսական տրամադրություններն այնքան չնչին են, որ տոկոսային հարաբերակցությամբ դրանք կարելի է վիճակագրական սխալ համարել», - ընդգծել Է Դարբինյանը։
Նա նշել է, որ երկրի բախտը պարզապես չի բերել, որ տեղի է ունեցել այսպես կոչված «թավշյա» հեղափոխություն, իսկ իրականում ՝ «գունավոր» հեղափոխություն, և իշխանության են եկել մարդիկ, որոնք ծանոթ չեն Ռուսաստանին։ Դա չի նշանակում, որ նրանց գործունեությունը կարող է ինչ-որ կերպ ավելացնել հայերի շրջանում ռուսատյացների տոկոսային հարաբերակցությունը ։ Ավելին, Փաշինյանի ձախողված գործունեությունը կմեծացնի Հայաստանում Ռուսաստանի կողմնակիցներին։
Խոսելով «Սորոսի» ՝ հայկական քաղաքականության և ընդհանրապես Հայաստանի վրա ունեցած ազդեցության մասին ՝ ՌՀՀ ռեկտորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ և իր թիմը համագործակցում են այդ կազմակերպությունների հետ, ընդ որում ՝ դա անում են հրապարակավ։ Սորոսի հետ կապված մարդիկ պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ են ստանում։ Այս ամենը, բնականաբար, հանգեցնում է ներքաղաքական և արտաքին քաղաքական որոշումների վրա այդ կազմակերպությունների ազդեցության մեծացմանը։ «Ավելին ասեմ, Հայաստանը պետք է հետևի Հունգարիայի օրինակին և փակի Սորոսի բոլոր այդ հիմնադրամները՝ ուղարկելով դրանք գրողի ծոցը։ Դրանք նպաստում են երկրում իրավիճակի ապակայունացմանը և չեն օգնում Հայաստանի համակարգային, ճիշտ, անհրաժեշտ զարգացմանը», - նշել է Արմեն Դարբինյանը ։