Արմինֆո. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն, ըստ էության, հաստատում է հայկական գրանցմամբ Բոինգ-737 օդանավի առևանգման փաստը:
Ավելի վաղ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր. <Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների (Աբու Դաբի) Քաղաացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կաարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական էմիրաթներ տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում>։
Մինչդեռ, ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության, նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: <Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո>,- նշվում է ՔԱԿ հաղորդագրության մեջ։
Հետաքրքիր է, որ ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: