Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ` Աբու Դաբիում IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության շուրջ սկանդալի հետ կապված։
Նշենք, որ նախօրեին սկանդալ էր հասունացել այն կապակցությամբ, որ Հայաստանի տաղավարը ցուցահանդեսում դատարկ է եղել, եւ հայկական ռազմարդյունաբերական համալիրի սպառազինության նմուշների փոխարեն տաղավարներում ներկայացվել են միայն բուկլետներ: Ինչպես պարզվել է, հայկական պաշտպանական արտադրանքի առաքման անփույթ կազմակերպման պատճառով բեռը դեռեւս անհայտ պատճառներով մնացել է Մոսկվայում եւ չի տեղափոխվել Աբու Դաբի: Ծագած սկանդալի ֆոնին և այն պատճառով, որ պետությունը մեծ գումարներ է հատկացրել ցուցահանդեսին մասնակցելու համար՝ նախարարությունը ստիպված է եղել արդարանալ։
Նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ <IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը. Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում>։