Արմինֆո. Նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանի պաշտպանը հերքում է իր պաշտպանյալի առնչությունը որևէ ֆեյք հետ։
Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը Facebook-ի իր էջում գրել է. <Իմ վստահորդ Կարեն Բեքարյանը ներկայումս ձերբակալված է արդեն բոլորին հայտնի գործով: Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում: Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ>։
Նշենք, որ երեկ երեկոյան ԱԱԾ-ն խուզարկություններ Է իրականացրել քաղաքագետ, ՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանի, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի և նրա օգնական Մհեր Ավագյանի, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի և սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի տներում և գրասենյակներում:
Ինչպես երեկոյան լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, վերոնշյալ անձինք մեղադրվում են ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները խախտելու և ազգամիջյան թշնամանք ու ատելություն տարածելու մեջ: Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվածների փաստաբանները մտադիր են բողոքարկել ձերբակալման մասին որոշումները ՝ գործընթացը համարելով քաղաքական հետապնդում:
Գիշերը Անժելա Էլիբեգովային եւ Գոհար Մելոյանին հարցաքննությունից հետո ազատ են արձակել։ Էլիբեգովան հայտնել է, որ առգրավել են աշխատանքային համակարգիչն ու բջջային հեռախոսը։
<Ես պատկերացում չունեմ կատարվածի մասին և չգիտեմ ինչու հայտնվեցի ԱԱԾ շենքում ։ Առգրավել են իմ անձնական հեռախոսը և աշխատանքային համակարգիչը, որում եղել է աշխատանքային տեղեկություններ, այդ թվում՝ Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների համար, որը ես պետք է փոխանցեի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին>,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էլիբեգովան ։
Մելոյանն իր հերթին հավելել է, որ սկզբում իրենց աշխատասենյակներում խուզարկություն է կատարվել, որից հետո նրանց բերման են ենթարկել ՝ ցույց չտալով խուզարկություն իրականացնելու դատարանի որոշումը: <Չեմ կարող ասել, թե ինչ գործի շրջանակներում է խուզարկություն կատարվել։ Նրանք առգրավել են մի շարք անձնական իրեր, համակարգիչներ, ամբողջությամբ ուսումնասիրել են թղթապանակները, որտեղ չի եղել նրանց հետաքրքրող նյութեր>, - ասել է նա՝ հավելելով, որ նրանց հարցաքննել են՝ որպես կասկածյալներ, եւ իրենք հրաժարվել են ցուցմունքներ տալ։