Արմինֆո. Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32.5 մլն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին ուղղված Կորոնավիրուսի 25-րդ աջակցության միջոցառման ապահովմանը, 165 մլն դրամ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման գծով 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: «Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով»,- ասել է նախարարը: Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը, 543 միլիոն դրամը՝ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման շրջանակում՝ դեկտեմբերի, հունվարի, փետրվարի խնամքի և սննդի ծախսերի փակման նպատակով: