Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այլևս ոչ մի բարձր պաշտոնի չի հավակնում։ Այս մասին նա ասել է <Արմնյուզ> հեռուստաալիքին տված հարցազրույցում ։
<Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքականության մեջ: Ես հասկանում եմ հարցի իմաստը և հստակ ասում եմ` ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015 թվականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խոսակցության, այլ հարցազրույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կա՝ որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի:
Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական բայց ոչ ավելին, իմ ասածը չի նշանակում , որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Բոլորովին հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու է՛լ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք>,- ասել է նա։
Սարգսյանը կարևոր է համարել, որ երկիրը ղեկավարեն իմաստուն և ակտիվ մարդիկ, ովքեր կարող են այն դուրս բերել ներկա վիճակից ։ Ընդ որում, նա միանգամայն սխալ է համարել շարունակել գտնվել հիասթափության վիճակում, քանի որ Հայաստանը պետք է ապրի եւ զարգանա։ <Մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը եղել է շատ ավելի ծանր վիճակներում, բայց գտնվել են անհատներ, գտնվել են համախոհներ, գտնվել են կամք ու ուղեղ ունեցող մարդիկ, ովքեր կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել,և մենք կարողացել ենք ազգովի հառնել ավերակներից: Հայ ժողովրդի պատմության մեջ ավելի ցավալի էջեր կային, բայց ժողովուրդն իր մեջ ուժ գտավ և միշտ հաղթող դուրս եկավ>,-ասել է նա։
Խոսելով ներկայիս իշխանությունների քաղաքականության մասին ՝ Սարգսյանը նշել է․ <Մարդ պետք է հստակորեն գիտակցի, որ ինքը երկրի ղեկավար է, համենայն դեպս ղեկավարներից մեկը: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև գործող վարչապետն իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը Հանրապետության նախագահն է: Ինքը պետք է հասկանա, որ դա տղայական մոտեցումներ չի սիրում, ինքը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր արարքների համար, այլև պատասխանատու է ժողովրդի անվտանգության համար: Երբ դու, խախտելով բոլոր դիվանագիտական կանոնները, փորձում ես այսպես միանձնյա որոշում կայացնելու ճանապարհով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը խնդիրներ ես ունենալու: Երբ դու, խախտելով սեփական երկրիդ օրենքները, օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, և այնուհետև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագումով կայքերին, որ գրեն, թե տես ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը դու դրա համար պատժվելու ես, սա ակնհայտ մի բան է: Դու պետք է հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերմունք են փոխելու, որովհետև նրանք իրենց գործողություններում ջանք են դնում, եռանդ են դնում, հեղինակություն են դնում, հասկանալի է՝ ունենալով իրենց շահերը: Այնպես որ, այստեղ բան չկա զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանին` ռազմական գործողությունների վերսկսման համար>