Արմինֆո. Արդեն շփումներ են հաստատվել Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ, եւ դրանցից մեկն արդեն ներգրավվել է <ազատագրված> տարածքներում քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը ՝ երեքշաբթի օրը Բաքվում ընդունելով Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Վենդի Մորտոնին: Այս մասին հայտնում է <Թուրանը>
Ալիեւը հույս է հայտնել, որ <ազատագրված> տարածքներում աշխատող բրիտանական ընկերությունների թիվը կաճի: <Ազատագրված տարածքներում մեծ ներուժ կա վերականգնվող էներգիայի ոլորտում։ Ես գիտեմ, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում, կա արեւային, քամու եւ ջրային էներգիայի մեծ ներուժ։ Ես արդեն հայտարարել եմ այդ տարածքները <կանաչ գոտի>, եւ այնտեղ կօգտագործվի քամու, արեւի եւ ջրի էներգիան>, - նշել է Ալիեւը ։
Մորտոնն իր հերթին, նշելով բազմաթիվ ուղղություններով երկկողմ համագործակցության բարձր մակարդակը, վստահություն է հայտնել, որ այդ կապերը միմիայն կընդլայնվեն:
Մինչդեռ, հիշեցնենք, որ Բրիտանիան իր դառը լուման է ներդրել 44-օրյա ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում ։ Նա միակ երկիրն էր, որը դեմ քվեարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւի քննարկմանը, որի օգնությամբ կարելի էր կասեցնել ռազմական գործողությունները, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փրկել հազարավոր կյանքեր: