


Արմինֆո. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերքել է Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման մասին տեղեկությունը:
Այդ առնչությամբ Բալասանյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը, մասնավորապես, ասել է. "Լուրեր են պտտվում, թե, իբր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պետական կառույցների շենքերի վրա կծածանվեն Ադրբեջանի դրոշներ. կցանկանայի կտրականապես հերքել այդ տեղեկությունը։ Բացի այդ, որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում Արցախի պաշտպանության բանակի լուծարման մասին, և այդ հաղորդումների համաձայն, չի կազմակերպվի ԼՂՀ սահմանների պաշտպանություն։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել հանրությանը, որ Արցախի պետական մարմիններն այժմ զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զորամիավորումների ձևավորմամբ ՝ հենց մեր սահմանները պաշտպանելու նպատակով":
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև որոշ շրջանակների մտահոգություններին, որ, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան և Աջափնյակ շրջանները կամ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը մոտ ապագայում բնակեցվելու են ադրբեջանական ընտանիքներով: Բալասանյանը հայտարարել է, որ նման խոսակցությունները անհիմն են։ Նա նաեւ վստահեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները այսուհետ էլ ամեն ինչ անելու են իրենց քաղաքացիների և սահմանների անվտանգությունն ապահովելու համար:
Օրեր առաջ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում լուծարվելու է: "Արդյոք այն լինելու է ֆորմալ առումով Արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանության ներքին զորքեր, կարևոր չէ, խնդիրն այն է, որ Արցախի մնացած հատվածն այլևս հնարավորություն չի ունենա իր անվտանգությունն ինքնուրույն ապահովելու համար ։ Այլևս չի լինի Արցախի բանակը, և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով ավարտում է իր "առաքելությունը"", - գրել է Մինասյանը ։



