Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աջակցել է Պատրիկ Տոնապետյանի « Երերույք » գրքի երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) հրատարակմանը : Գիրքը համադրական և միաժամանակ ամբողջական կերպով ներկայացնում է ընդարձակ համալիրի բաղադրիչներն ու դրանց առնչվող հարցերը։Անիի ավերակների մոտ գտնվող նշանավոր բազիլիկով հայտնի Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան համալիրը Հայաստանի ամենատպավորիչ և առեղծվածային հուշարձաններից է։
Աշխատության համար հիմք են հանդիսացել Երերույքում 2009-2016 թթ․ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի կատարած հետազոտությունները, որոնք իրականացվել են գրքի հեղինակի ղեկավարությամբ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Շիրակի երկրագիտական թանգարանի և Էքս-Մարսելի համալսարանի (Ֆրանսիա) համագործակցությամբ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը աջակցում է ֆրանս-հայկական հնագիտական առաքելությանը, որն ունի արդեն ավելի քան 20 տարվա պատմություն :
Գրքի հրատարակությունը կոչված է նաև նպաստելու հնավայրի պահպանմանն ու արժեվորմանը՝ խթանելով ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում դրա ներառումը և հարակից Անիպեմզա գյուղում զբոսաշրջության կենտրոնի ստեղծումը: