


Արմինֆո. <Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը> գրքի հեղինակ, լեհ քաղաքական գործիչ Թոմաս Լեխ Բուչեքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է ուղարկել հայերի դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների մասին <Ղարաբաղ 2020> իր հրապարակման թիվ 1 (0001) առաջին օրինակը:
Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է Բուչեքը, հրապարակմանը կցված է նաեւ նամակ, որում նա Ալիեւին խնդրում է ազատ արձակել հայ գերիներին․
<Նախ դիմում եմ Ձեզ՝ Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Նրանց տանը սպասում են հուսահատ ընտանիքներ ՝ մայրեր, կանայք և երեխաներ։ Նրանց ազատ արձակումը պատմական կարեւորության փաստ կլիներ, որը ցույց կտար ամբողջ աշխարհում խաղաղության ձգտումը։
Ես նաև խնդրում եմ տեղեկություններ տրամադրել ձերբակալված հայ ռազմագերիների ճշգրիտ քանակի մասին, և միջազգային կազմակերպությունների միջոցով տեղեկատվություն տրամադրել նրանց առողջական վիճակի մասին ։
Նաեւ կոչ եմ անում իրավական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի այն հանցագործ քաղաքացիների նկատմամբ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ղարաբաղյան հակամարտության ժամանակ ՝ խախտելով միջազգային կոնվենցիաները եւ օրենսդրությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի օրենքները>:
Հիշեցնենք, որ Թոմաս Լեխ Բուչեքն ավելի վաղ Change.org կայքում ստորագրահավաք էր սկսել, որով առաջարկում է մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ:



