Արմինֆո. "Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան կատարած իմ այցերի ժամանակ ես ասել եմ, որ մենք պետք է անցյալը դիտարկենք որպես ապագայի ճանապարհ", - հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը՝ իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես հաղորդում է APA-ն, նա նշել է, որ Ղարաբաղում կրակի դադարեցումը պետք է ավելի կայուն դառնա, պայմաններ ստեղծի առեւտրային եւ տնտեսական կապերի աշխուժացման համար:
Ընդ որում, Անկարա կատարելիք այցի նախօրեին Իրանի պետական հեռուստատեսության եթերում Զարիֆը հայտարարել է, որ թուրք-իրանական համագործակցությունը տարածաշրջանային հարցերում կենսական նշանակություն ունի: "Մեր հարաբերությունները մշտական խորհրդատվություններ են պահանջում, քանի որ մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ մեր տարածաշրջանային համագործակցությունը կենսական նշանակություն ունեն", - ասել Է Զարիֆը: Նա ընդգծել է, որ Թեհրանում չափազանց կարեւոր նշանակություն են տալիս Թուրքիայի հետ կապերին։ Իրանի նախարարի խոսքով՝ Թուրքիա իր այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՝ տարանցիկ երթուղիների կարգավորումը եւ կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: "Կովկասում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ համագործակցության միջոցով դրա համար նախադրյալներ ստեղծվեն", - ընդգծել է նա: Դիվանագետը նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով վեցակողմ համագործակցության պլատֆորմի ձեւավորմանը: "Այդ մեխանիզմը նախկինում հիշատակվել է նախագահ Էրդողանի և տարածաշրջանում այլ իշխանությունների կողմից։ Ես այս թեմայով մի քանի բանակցություն եմ վարել։ Ես դրանց արդյունքները կիսելու եմ թուրքական իշխանությունների հետ, քանի որ դա կարեւոր հարց է, մասնավորապես, տարանցիկ երթուղիների հարցում համագործակցության մակարդակով",-ասել է Իրանի ԱԳ նախարարը ։