Արմինֆո. "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հաղորդել է, որ իշխող դաշինքը քննարկում է խորհրդարանը ինքնալուծարելու գաղափարը: Այս մասին Հովակիմյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը ողջ կազմով դեռևս չի քննարկել այդ հարցը, և հարցի վերաբերյալ որոշում չկա: Հովակիմյանը չի բացառել, որ քննարկումից հետո խմբակցությունը կարող է բացասական եզրակացություն տալ հարցի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, պատգամավորը հաստատել է, որ գաղափարը պատկանում է "Իմ քայլը" դաշինքի ներկայացուցիչներին: "Իրականում նման գաղափարը նոր չէ, մենք քննարկել ենք այն ժամանակ, երբ մտադիր էինք փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Ինքս էլ եմ դիտարկել նման հնարավորությունը։ Դեռ չեմ ուզում լրացուցիչ մանրամասներ հայտնել այս նախաձեռնության հետ կապված, քանի որ խմբակցությունը դեռ դրա վերաբերյալ որոշում չունի", - նշել է Հովակիմյանը։
Պատգամավորը լրագրողներին վստահեցրել է, որ դաշինքի այդ նախաձեռնությունը կապված չէ այն բանի հետ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ: Նշենք, որ խորհրդարանը լուծարելու համար անհրաժեշտ է, որ օրենսդիր մարմինը երկու անգամ վարչապետ չընտրի։ Եթե խորհրդարանը երկու անգամ չի ընտրում կառավարության ղեկավար, ապա տեղի է ունենում Ազգային ժողովի լուծարում։ Դրանից հետո կազմակերպվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ։