Արմինֆո. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները մտադիր են հունվարի 27-ին հանդիպել Մոսկվայում ' քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի կառուցումը: Այս մասին գրում է ռուսական ՌԲԿ պարբերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների աղբյուրները։
Պարբերականը նշում է, որ ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկականից ՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանականից ՝ Շահին Մուստաֆաևը: ՌԲԿ-ն հարցումներ է ուղարկել Օվերչուկի ներկայացուցչին, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին:
Կողմերը պայմանավորվել էին նման բանակցային ձեւաչափ ստեղծել հունվարի 11 - ին՝ Լեռնային Ղարաբաղում 44 - օրյա պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպմանը: Ձեւաչափի մասնակիցների հիմնական խնդիրն է որոշել, թե ինչ պետք է կառուցել կամ վերականգնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության լիակատար ապասառեցման համար:
Փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ռուսաստանը: Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն նաև Նախիջևանով անցնող երկաթուղով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը։