Արմինֆո. Եվրոպայի խորհուրդը հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ։
ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Բուրիչը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերին տեղի ունեցած հակամարտությանը՝ գոհունակություն հայտնելով հրադադարի առնչությամբ։ Գլխավոր քարտուղարի խոսքով ՝ անդամ պետությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը ոչ թե "սիրալիր խնդրանք" է, այլ "իրավաբանորեն ամրագրված պահանջ, որը պարտադիր է կատարման համար":
Գլխավոր քարտուղարը նաեւ ցավակցություն է հայտնել COVID-19 համավարակի մեծաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Նա կարեւորել է ճգնաժամի ժամանակ Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքների պահպանումը, հատկապես մարդու իրավունքների հարգումը եւ բոլոր մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքը ՝ անկախ նրանց նյութական վիճակից:
Չնայած համավարակին առնչվող աննախադեպ խնդիրներին՝ Եվրոպայի խորհուրդը կարողացել է հաջողությամբ շարունակել կանոնավոր աշխատանքը, ասել է Մարիա Փեյչինովիչ Բուրիչը: Մասնավորապես, նա հատուկ նշել է արհեստական բանականության օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության իրավապաշտպան ասպեկտների, ինչպես նաեւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի եւ բռնության բոլոր ձեւերից կանանց պաշտպանությանն ուղղված Ստամբուլի կոնվենցիայի առաջխաղացման գործում արձանագրված առաջընթացը: