Արմինֆո. Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կապված օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարության հետ, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
<Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար>,- ասել է Նաղդալյանը։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են փետրվարի 1-ից 12-ը Հայաստանի սահմանների մոտ ձմեռային ռազմական զորավարժություններին: Այդ կապակցությամբ հունվարի 17-ին Թուրքիա են ժամանել ադրբեջանցի զինծառայողներ, որոնք կմասնակցեն <Ձմեռ-2021> կոչվող զորավարժություններին: