Արմինֆո.Հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ավարտին արված հայտարարությունն անտեսում է հայկական կողմի պահանջները եւ մեծացնում անորոշությունը նրա անվտանգության առնչությամբ: Այդ մասին ասվում է Հանուն արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիայի (EAFJD) տարածած հայտարարության մեջ։
Դրանում խորը մտահոգություն է հայտնվում այս եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որտեղ չի հաջողվել որեւէ առաջընթաց արձանագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին փաստաթղթի 8-րդ կետի, այսինքն ՝ հայ ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակման հարցում:
Չնայած դրան, հայկական կողմը համաձայնել է կատարել նույն փաստաթղթի 9-րդ կետը։ Դա առավել ևս ցավալի է, որ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է, և որ առանց այդ ոլորտում զգալի առաջընթացի չափազանց դժվար կլինի քննարկել ցանկացած տնտեսական օրակարգ:
Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը ստորագրել է հայտարարությունը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Թուրքիա - Նախիջեւան-Ադրբեջան նոր տրանսպորտային հաղորդակցության ստեղծում ' դրանով իսկ դուռ բացելով Էրդողանի պանթյուրքական օսմանյան ծրագրի իրականացման համար: Դրա դիմաց Հայաստանը, որն արդեն ելք ունի դեպի Ռուսաստան՝ Վրաստանի տարածքով, եւ Իրանի հետ ուղիղ բաց սահման, ստանում է պարտադրված առեւտրային երթուղի դեպի այդ երկու երկրներ ՝ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդզկցությամբ։
Հաշվի առնելով Ադրբեջանում հայատյացությունը՝ ուղղված նույնիսկ հայ երեխաներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից ընդամենը 2 ամիս առաջ հայերի դեմ իրականացված դաժան ռազմական հանցագործությունները, հայ ռազմագերիների նկատմամբ շարունակվող խոշտանգումներն ու ծաղրուծանակը, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թշնամական հռետորաբանությունը, այս փուլում առևտրային երթուղու ստեղծումը բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի ավելի լայն անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից։
Հայաստանը հակամարտության միակ կողմն է թվում, որը ոչ միայն կատարում է, այլև գերակատարում է 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին փաստաթղթով նախատեսված պարտավորությունները։
Ավելին, նշված եռակողմ փաստաթղթի առաջին պարբերությունը նշում է, որ կողմերը "մնում են իրենց զբաղեցրած դիրքերում"։ Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի մի քանի հայկական քաղաքներ եւ գյուղեր հանձնվեցին Ադրբեջանին, թեեւ Ադրբեջանի զինված ուժերը չկարողացան դրանք իրենց վերահսկողության տակ վերցնել պատերազմի ժամանակ: Սկսվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման հապճեպ, չհիմնավորված և շատ վտանգավոր գործընթաց՝ վտանգելով առանցքային ենթակառուցվածքը (Օրինակ ՝ Կապան քաղաքի օդանավակայանը), ինչը հանգեցրել է հայ գյուղացիների ունեցվածքի զգալի կորստի և մտահոգություններ է առաջացրել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի անվտանգության վերաբերյալ։
Մինչդեռ, Ադրբեջանը հրաժարվում է կատարել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և ձերբակալվածներին ազատ արձակելու իր միակ պարտավորությունը։ Դրա փոխարեն՝ Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են այդ մարդասիրական խնդիրը, որպեսզի հասնեն նոր ձեռքբերումների և լրացուցիչ ֆիզիկական ու հոգեբանական տառապանքներ պատճառեն։
Ադրբեջանական աղբյուրներում հրապարակվում են հայ գերիների, այդ թվում ՝ անօգնական ծերերի նկատմամբ ծաղրուծանակի տեսագրություններ: Նաեւ հայտնվել են հայկական մշակութային հուշարձանների պղծման մի քանի տեսահոլովակներ ։
Մեկնաբանելով հունվարի 11-ի հայտարարությունը՝ EAFJD-ի նախագահ Կասպար Կարապետյանը հայտարարել է. "Այդ հայտարարությունը, ցավոք, նոր անհաջողություն է հայկական կողմի համար անվտանգության, հումանիտար կարիքների պաշտպանության եւ 2020 թ.նոյեմբերի 9-ի հայտարարության կարեւոր պահանջի կատարման, մասնավորապես, պատանդների վերադարձի հարցում: Ըստ էության, հայկական կողմը ստորագրել է նոր փաստաթուղթ, չնայած այն բանին, որ չի կատարվել իր միակ անհետաձգելի և կարևոր պահանջը։ Հաշվի առնելով ընթացիկ հանգամանքները, անվտանգության չլուծված խնդիրները, Ադրբեջանում հայատյացությունը և Էրդողանի Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումները, ձեռք բերված պայմանավորվածությունները անվտանգության լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի հարավի և, ընդհանրապես, երկրի ինքնիշխանության համար":
Ինչ վերաբերում է ռազմագերիներին վերադարձնելու հարցին, Կարապետյանն ասել է. "Մենք ակնկալում էինք, որ Ռուսաստանը արդար միջնորդի դեր կկատարի եւ ավելի մեծ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու իր պարտավորությունը: Հիասթափեցնում է այդ առումով շոշափելի արդյունքների բացակայությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները, ինչպես նաև Եվրոպական միությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես պետք է միջամտեն, որպեսզի կանգնեցնեն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու ծաղրուծանակը և ապահովեն նրանց վերադարձը":