Արմինֆո. Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունները քիչ բանով են տարբերվում այդ երկրի պաշտպանության նախարարության հայտարարություններից։
Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Օմբուդսմենը նշել է, որ, ընդհանուր առմամբ, պատրաստ է հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրները լուծելու համար: Սակայն, Թաթոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը վիրավորական հայտարարություններ է արել եւ պայմաններ է դրել, որոնց կատարման դեպքում ինքը պատրաստ է հանդիպել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
"Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումը չի կարող ինքնանպատակ լինել և չի կարող անցնել անձնական և ազգային արժանապատվության հաշվին։ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն ընթանում է պաշտոնական Բաքվի քարոզչության նույն հունով։ Սաբինա Ալիևայի ներկայացրած պայմաններով հանդիպումները բացառված են։ Այս պահին շփումներ են ընթանում միայն միջազգային կառույցների միջոցով։ Սակայն ես արդեն նշել եմ, և կրկնում եմ ՝ Արցախում մարդու իրավունքներին վերաբերող բոլոր հարցերը ինձ հետ չէ, որ պետք է քննարկվեն։ Դրանք պետք է քննարկեն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ", - եզրափակել է Թաթոյանը։
Նշենք, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է հանդիպում Հայաստանի օմբուդսմենի հետ, հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանդիպել Թաթոյանի հետ միայն այն դեպքում, եթե նա "համոզի իր ղեկավարությանը ադրբեջանական հողերը դեօկուպացնել":