Արմինֆո. Այսօր հայկական ԶԼՄ-ներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների համար այսուհետ գործում է առանց վիզայի տեղաշարժման ռեժիմ: ԶԼՄ-ները նման լուր են հրապարակել՝ վկայակոչելով դեկտեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարության ներկայացրած երկրների ցանկը։
Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանն այդ ցուցակում ընդգրկված է դեռևս 1992 թվականից ՝ ԱՊՀ երկրների միջև առանց վիզայի ռեժիմի մասին համապատասխան համաձայնագրի ստորագրման շրջանակներում: Սակայն դա չի խոսում այն մասին, որ այդ ռեժիմը գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ ցուցակը, ըստ մամուլի քարտուղարի, ամեն ամիս թարմացվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Ավելի ուշ ԱԳՆ խոսնակը պաշտոնական պարզաբանում է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, որում ասվում է. "1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։
Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։
Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։ Վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում":