Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
<Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետեւյալն է. 1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջեւան:
Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը>։
Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկել է Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել, ինչը, նրա խոսքով, դրական է ընդունվել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից: Նրա խոսքով ՝ փոխադրամիջանցքի բացումը Նախիջեւանը դուրս կբերի շրջափակումից։ <Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքի բացման ուղղությամբ։ Ես չեմ ուզում առաջ անցնել իրադարձություններից, բայց այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ։ Ուստի, միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։ Այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Այդ ճանապարհն առանձնահատուկ նշանակություն կունենա բազմակողմ համագործակցության համար>, - ասել Է Ալիեւը։