Արմինֆո. Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը չի բացառում դիրքային փոփոխությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին Կապանի համայնքի ղեկավարը հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ՝ ներկայացնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Քաղաքապետն ընդգծել է, որ այժմ սահմանի ամրապնդման աշխատանք չի իրականացնում հենց այն պատճառով, որ չի բացառում դիրքային փոփոխության հնարավորությունը: "Իրականում, այժմ ընթանում է սահմանների որոշման գործընթաց, այլ ոչ թե սահմանազատման աշխատանքներ։ Գործընթացին մասնակցում են ռուսական և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները։ Ահա երեկ Ադրբեջանի կողմից մեր սահմաններին է մոտեցել մի խումբ՝ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար։ Մեր կողմից բանակցությունների է մեկնել գեներալը, որն այժմ համակարգում է մեր սահմանների պաշտպանությունը", - ընդգծել է Փարսյանը։
Կապանի ղեկավարը հաղորդել է, որ ադրբեջանցիներն առաջարկել են սահմանից 100-200 մետր տեղաշարժել երկու կողմերի դիրքերը, որպեսզի զինվորները միմյանց հետ չշփվեն եւ դրա պատճառով նոր բախումներ չառաջանան: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն, իրենց հերթին, առաջարկել են նման մոտեցում իրականացնել ողջ սահմանի երկայնքով, քանի որ կան հատվածներ, որտեղ ադրբեջանցիները փաստացի ընդհուպ մոտեցել են Հայաստանի սահմանին: Այժմ այդ առաջարկը քննարկման փուլում է։