Արմինֆո.Վերջին պատերազմի ժամանակ Մոսկվան ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Երեւանին, եւ Ադրբեջանում այդ մասին լավ գիտեն։ Այդ մասին Ռուսաստանի հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Պետդումայի պատգամավորը նշել է, որ այժմ Ռուսաստանին արժե ավելացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում։ Զատուլինը նշել է, որ հարկավոր է մեխանիզմներ մշակել Երեւանին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար: Ռուս պատգամավորը նաև հիշեցրել է, որ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմակայան, իսկ ռուս խաղաղապահները խաղաղություն են ապահովում Արցախում:
"Այժմ Հայաստանը պատրաստ չէ նոր պատերազմի, ուստի խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում կարեւոր նշանակություն ունի։ Ավելին, այժմ դեռ լուծված չեն Հայաստանի ներքին խնդիրները։ Այժմ ՌԴ ԱԻՆ-ը նաև օգնում է Ղարաբաղում կայունության հաստատմանը ։ Գլխավորն այն է, որ Արցախում պահպանվեն եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը", - նշել է Զատուլինը։
Պետդումայի պատգամավորն ընդգծել է, որ Սյունիքի մարզում հայտնվել են ռուսական սահմանապահ դիրքեր, որոնք պահպանում են երկրի սահմանները: Զատուլինի խոսքով՝ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ համագործակցության ինտենսիվացումը պետք է տեղի ունենա Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Քանի որ, եթե հիմա Ռուսաստանը Հայաստանին աջակցություն ցուցաբերի, կարող է ստեղծվել տպավորություն, որ օգնությունը ցուցաբերվում է անմիջականորեն երկրի ղեկավարությանը։