Արմինֆո.Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Այժմ Զոհրաբյանը գտնվում է Քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ գտնվում է Առուշանյանը ։ ՔԿ շենքի մոտ են հավաքվել նաև Հայաստանի իրավապաշտպաններն ու իրավաբանները, ովքեր պատրաստվում են աջակցել Գորիսի քաղաքապետին։
Զոհրաբյանն ընդգծել է, որ հնարավոր է Առուշանյանը ձերբակալվի երկու ամսով: Սակայն, պատգամավորը հույս ունի, որ Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի ։
Նշենք, որ այսօր Առուշանյանի կոչով վաղ առավոտից Սյունիքի մի շարք ճանապարհներ փակ են եղել, քաղաքացիները չեն ցանկացել ՀՀ վարչապետին թողնել Գորիս։ Ընդդիմադիր ակտիվիստները փակել են Երևան-Գորիս մայրուղին ՝ հայտարարելով, որ քանի դեռ քաղաքապետն ազատ չի արձակվել, մայրուղին չի բացվի։ Մայրուղում առավոտից հսկայական ավտոմոբիլային խցանում է առաջացել։