Արմինֆո. Ղարաբաղյան կարգավորման շուրջ արդեն ձևավորվում է, և ձևավորվելու է բոլորովին նոր իրավիճակ ։ Այս գործընթացը պայմանավորված է Հարավային Կովկասում բոլորովին այլ ազդեցություն ունեցող նոր ուժերի ձևավորմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Քաղաքակրթությունների երկխոսություն> ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն։
<Այս առումով Ղարաբաղում պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում իրավիճակի վրա իր զրոյական ազդեցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջնականապես ապացուցեց սեփական անկարողությունն ու անզորությունը ։ Մինսկի ձևաչափը հակամարտության կարգավորման միակ ճանաչված ձևաչափն է ։ Սակայն, կտրված լինելով տարածաշրջանից, այդ ձևաչափը ի վիճակի չեղավ ինչ-որ կերպ ազդել իրավիճակի վրա ։ Այս առումով համանախագահների՝ Երեւան եւ Բաքու նախատեսվող այցից փոփոխություններ ստեղծված իրավիճակում ես չեմ ակնկալում>, - ընդգծել է նա:
Դեկտեմբերի 9-ին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի անդամների համար ճեպազրույցի ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հայտնել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հանգստյան օրերին կայցելեն
Բաքու և Երևան։
<Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Ադրբեջանին և Հայաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ։
Ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերն այս հանգստյան օրերին այլ համանախագահների հետ մեկնելու է Բաքու եւ Երեւան ՝ որոշելու, թե որտեղ կարող ենք առաջ շարժվել այդ հակամարտության դիվանագիտական կարգավորման գործում ։ ԱՄՆ-ն պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության կայուն լուծում գտնվի>, - ընդգծել է Ռիկերը ։
Մալաշենկոյի գնահատմամբ ՝ 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Իսկ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության ավարտ չի նշանավորում։ Այս առումով, նրա կարծիքով, այսօր շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես է իրավիճակը զարգանալու արդեն վաղը՝ էլ չխոսելով 5 տարի հետո իրավիճակի մասին, երբ կավարտվի ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը ։
<Նոր իրողությունների էությունը տարածաշրջանում Թուրքիայի՝ որպես գերտերություն ներկայանալն է։ Եվ թուրքական ազդեցության ընդլայնումը միաժամանակ և համապատասխանում է, և հակասում է ռուսական շահերին ։ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ դեռեւս բարդ բանակցություններ են ընթանում ։ Այդ բանակցությունները կշարունակվեն, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս ։ Պատերազմը կանգնեցվեց այլ՝ չճանաչված ձևաչափի գործարկման արդյունքում։ Այնուամենայնիվ, տարածաշրջանային շահերով պայմանավորված՝ այս ձևաչափն արդեն գործոն է դարձել>, - ընդգծել է Մալաշենկոն։