Արմինֆո. Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Նախարար Այվազյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձևը՝ որպես կարևոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում:
Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր է գնահատել պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի և ֆրանսիական ժողովրդի համերաշխությունն Արցախին և հայ ժողովրդին:
Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարար Այվազյանն ընդգծել է տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումը, արցախահայության իրավունքների և շահերի վերականգնումը և պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը: