Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
"Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:", - ասված է ՀՀ նախագահի հրամանագրի տեքստում:
Նշենք, որ հետկանչի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ղալաչյանին Ղազախստանում երկրի դեսպան նշանակելու մասին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արա Սահակյանին: Ավելի վաղ Գագիկ Ղալաչյանը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչությունը ։