Արմինֆո. Դեկտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգի չքննարկվող հարցերի ցանկում ներառված էին նաև հարցեր, որոնք տեղավորվում են նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած "ճանապարհային քարտեզի" տրամաբանության մեջ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ինքը՝ կառավարության ղեկավարը ։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մշակվում է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին. կփոխհատուցվեն նրանց 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերը: «Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն մենք դե յուրե այդ որոշումը կընդունենք, բայց, ինչպես խոսել ենք, այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պետք է չառաջանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: