Արմինֆո.Հաջորդ անգամ հայ հասարակությունը շատ ավելի ուշադիր կվերաբերվի սեփական ընտրության օբյեկտին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
"Ես չեմ կարծում, թե մեր ազգը սարսափած է այն բանից, ինչ տեղի ունեցավ վերջին մի երկու ամիսներին։ Ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար դա վախի առիթ չի կարող լինել։ Մեր ազգի երկու երրորդը ապրում է Հայաստանից դուրս։ Դա մեզ թույլ է տալիս մեր երկրի ներսում իրականացնել այն, ինչ մենք ուզում ենք, ընդսմին, հզոր արտաքին աջակցություն ստանալու միջոցով։ Մենք կընտրենք նոր կառավարող կուսակցություն, կառավարություն, վարչապետ։ Դուր չի գա՝ կընտրենք ուրիշների", - նշել է նա։
Ընդգծելով ստույգ, հստակ գծված ուղիների, հաջողված իրավիճակների բացակայությունը, որոնք կարելի է ճշգրիտ պրոյեկտել Հայաստանի վրա, սոցիոլոգը համոզված է այս կամ այն հասարակության փորձի կիրառման անհնարինության մեջ: Նրա գնահատմամբ՝ հնարավոր չէ վերցնել և Հայաստանում կիրառել նույն սինգապուրյան փորձը։ Ընդ որում՝ ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակի։ Այդուհանդերձ, սկզբունքները լիովին հնարավոր է վերցնել:
Ստեղծված ներքաղաքական իրավիճակում Սարգսյանը կարևորում է Հայաստանի քաղաքացիների կողմից նոր մարդկանց, նոր քաղաքական անձանց որոնման փաստը: Նրա գնահատմամբ՝ մարդիկ այլևս մտադիր չեն գնալ ներկա իշխանության կամ նրա նախորդների հետևից: Մինչդեռ, որոնման փաստը, նրա կարծիքով, արդեն ուղեղի աշխատանքի նշան է, ինչն արդեն դրական գործոն է:
"Ընտրության բացակայության, այլընտրանքի բացակայության իրավիճակը մեզ համար բոլորովին նոր չէ։ Նույն պատկերը մենք տեսել ենք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Եվ այսօր մենք կրկին վերադարձել ենք մերսեփական քաղաքացիական ցանկությունները գիտակցելու անհրաժեշտությանը։ Ի՞նչ ենք ուզում մեզ համար, մեր ընտանիքի, մեր երկրի համար, ու՞ր ենք ուզում գնալ։ Եվ միայն մեզ համար ձևակերպելով այդ հարցերի պատասխանները՝ մենք կարող ենք ղեկավար ընտրել թեկնածուներից մեկին", - ընդգծել է նա։
Հիշեցնելով, որ վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդին ոչ ոք և երբեք չի հարցրել իր ցանկությունների և նախասիրությունների մասին, սոցիոլոգն ընդգծել է, որ այդ իրավիճակը հնարավոր չէ փոխել առանց գիտակցելու, որ իշխանությունն ընդամենը վարձու աշխատող է: "Մենք պետք է հասկանանք, որ վարչապետն ընդամենը մեր շահերը սպասարկող և դրա դիմաց մեզնից աշխատավարձ ստացող մարդ է։ Մենք ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին, իսկ նա չարդարացրեց մեր վստահությունը։ Բայց չէ որ կյանքը դրանով չի ավարտվում։ Եվ այժմ մենք պետք է նոր ընտրություն կատարենք, մինչև գտնենք նրան, ով մեզ պետք է։ Իսկ Փաշինյանը պետք է հեռանա և չխանգարի այդ ընտրությանը", - ամփոփել է սոցիոլոգը