Արմինֆո.ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների տեսաժողովի ռեժիմով հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վիճաբանության մեջ է մտել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
"ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ՆԱՏՕ-ի համար անսովոր հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքների և գործողությունների դեմ՝ դրանով իսկ խափանելով նրա միասնականությունը", - նշված է հրապարակման մեջ:
Գործակալության տվյալներով՝ իր ելույթում Պոմպեոն ընդգծել է "Թուրքիայի սադրիչ գործողությունները արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում, Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում":
Նա նաեւ Անկարայի կողմից C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերումը անվանել է "նվեր Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի միջոցով":
Հաղորդվում է, որ Չավուշօղլուն սկսել է ընդդիմանալ նրան։ Մասնավորապես, թուրք նախարարն իր "ափսոսանքն" է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ-ն հանդես է եկել "Թուրքիայի դեմ, աջակցել է Հունաստանի եւ Կիպրոսի առավելապաշտական դիրքորոշումներին եւ ահաբեկչական կազմակերպություններին": Բացի այդ, նա հայտարարել է, որ "Լիբիայում Ֆրանսիայի դիրքորոշումը ամենամեծ սպառնալիքն է Հյուսիսատլանտյան դաշինքի միասնության համար": Թուրք նախարարն իր ելույթն ավարտել է, ըստ գործակալության, "ակնհայտ գրգռվածությամբ" հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը, կողմնակալ է Հայաստանի հանդեպ: