Արմինֆո. Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի կարգավորումը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սակայն, որպեսզի Փաշինյանը հեռանա, անհրաժեշտ է նոր "Փաշինյան"։ Նման ճգնաժամային իրավիճակների կարգավորումը, որպես կանոն, պահանջում է հենց նման անսպասելի քաղաքական գործիչների ի հայտ գալ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը։
"Ընդ որում, այն, թե որտեղից վերցնել այդ նոր Փաշինյանին, այսօր անհասկանալի է։ Հնարավոր է, առայժմ մենք, պարզապես, չենք պատկերացնում այդ ուղղությամբ հնարավոր սցենարները։ Եվ ես չեմ բացառում այդ հարցին Մոսկվայի միացումը։ Թեեւ, ես անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչի համար դա կարող է անհրաժեշտ լինել Մոսկվային։ Այս լույսի ներքո՝ ես հակված եմ կարծելու, որ ապագա վարչապետի անունը արտահերթ ընտրություններում, այնուամենայնիվ, որոշելու են Հայաստանի քաղաքացիները", - նշել է նա։
Արցախում ռուսական ներկայության ի հայտ գալու և Հայաստանի բանակցային դիրքերի թուլացման լույսի ներքո վերլուծաբանը փոփոխություններ է արձանագրել հայ-ռուսական հարաբերություններում՝ որպես կայացած փաստ։ Այդուհանդերձ, Դուբնովն այդ փոփոխությունները դրամատիկ չի համարում, քանի որ, այսպես թե այնպես, Երևանը երբեք և ոչ մի հարցում Մոսկվային չի մերժել։ Ռուսաստանն, իր հերթին, նրա կարծիքով, երբեք դա չի չարաշահել։
Փորձագետի գնահատմամբ՝ այսօր Ռուսաստանը մտադրություն չունի Հայաստանից ստանալ այնպիսի մի բան, որը կարելի էր օգտագործել որպես ռեսուրս այս կամ այն ուղղությամբ։ Եվ Մոսկվայի՝ հայկական շահերին հակասող պահանջների բացակայության լույսի ներքո՝ Հայաստանի ինքնիշխանության հարցում դրամատիկ փոփոխություններ ակնկալելու հարկ չկա։
Մեկնաբանելով Ռուսաստանի մտադրությունները փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Արցախի վերաբերյալ՝ Դուբնովը ներկայիս իրավիճակը գնահատել է բավական բարդ և երկակի։ Նրա կարծիքով՝ այս փուլում Արցախը մասամբ գտնվում է Հարավային Օսիայի կարգավիճակում։ Վերլուծաբանի կանխատեսումամբ՝ ապագայում Հայաստանը զբաղվելու է Արցախի վարչական հարցերով։ Մոսկվան այդ հարցերն իր վրա վերցնելու անհրաժեշտություն չունի։
"Այս լույսի ներքո, ամենայն հավանականությամբ, կհաստատվի ռուսական պրոտեկտորատի նման ինչ-որ բան Արցախի նկատմամբ։ Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, դա կարվի մերձդնեստրյան մոդելով, թեև այստեղ էլ կլինի Հայաստանի մասնակցությունը։ Նման հեռանկարի կայունությունը գնահատելն առայժմ դժվար է։ Բայց այսօր այն բավարարում է բոլորին։ Իհարկե, ապագայում չի կարելի բացառել նաև Արցախի բնակչությանը ռուսական անձնագրեր բաժանելը, սակայն ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ամեն ինչ կավարտվի "Մերձդնեստրով"", - ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը։