Արմինֆո.Ստեղծագործական մտավորականության հանրահավաքի ընթացքում դերասան Հրանտ Թոխատյանն աշխարհի բոլոր հայերին առաջարկել է նամակներ գրել իրենց երկրների կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպաններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին, բոլոր կազմակերպություններին, որոնք գոնե փոքր հնարավորություն ունեն ճնշում գործադրելու պաշտոնական Բաքվի վրա' ռազմագերիներին եւ զոհված զինվորների մարմինները Հայաստանին վերադարձնելու համար:
"Ես ունեմ տեղեկություն, առայժմ չհաստատված, բայց նման պրակտիկան կիրառվել է Ադրբեջանի կողմից առաջին արցախյան պատերազմի ժամանակ։ ԱՀ իշխանությունները վաճառում են մեր ռազմագերիներին, դա ամենասարսափելին է, որ կարող է նրանց հետ պատահել։ Խնդրում եմ, եկեք բոլորս միասին բարձրացնենք մեր ձայնը, եկեք փրկենք մեր զինվորներին", - ընդգծել է Թոխատյանը։
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն առաջարկել է վաղը երթ անցկացնել՝ "Անմահ գնդի" երթի նման: Նա առաջարկել է վաղը ժամը 12-ին Օպերայի մոտ երթ անցկացնել, որին կմասնակցեն Հայաստանի քաղաքացիները։ "Կանցնենք բոլոր դեսպանությունների շենքերի մոտով, Հայաստանի մայրաքաղաքի փողոցներով։ Եկեք մեր ձայնը բարձրացնենք", - հայտարարել է Գրիգորյանը։
Գյումրեցի ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ միանում է վաղվա երթին: "Ես կխնդրեմ իմ ընկերներին, որոնք վաղը մտադիր էին բողոքի ակցիա անցկացնել Գյումրիում, ժամանել Երեւան։ Քանի որ բոլոր դեսպանատները գտնվում են Երևանում։ Կան մի քանի առանցքային դեսպանատներ, որոնք մենք պարտավոր ենք այցելել: Պետք է սատարել կորած զինծառայողների ծնողներին, նրանք պետք է հասկանան, որ կառավարության հետ դեմ առ դեմ միայնակ չեն։ Մեր զինծառայողներին չենք փրկի կարգավիճակներով, բավաական է լռենք, բավական է Ադրբեջանին հնարավորություն տանք ամեն ինչ շոուի վերածելու։ Եկեք՝ չգնանք աշխատանքի: Եկեք՝ հետեւողականորեն քայլենք բոլոր դեսպանատների ուղղությամբ, մեր ձայնը հասցնենք առաջատար երկրների ներկայացուցիչներին, որոնք կկարողանան ակտիվ գործողություններ ձեռնարկել եւ վերադարձնել մեր զինծառայողներին", - եզրափակել է Մխիթարյանը։