Արմինֆո. ԵՄ-ն պետք է խիստ պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ Կիպրոսի խնդրի շուրջ նրա դիրքորոշման եւ Միջերկրական ծովում գործողությունների պատճառով: Նման կոչով բանաձև է ընդունել Եվրախորհրդարանը՝ ձայների մեծամասնությամբ։ Լիագումար նստաշրջանում փաստաթղթի օգտին արտահայտվել է 631 պատգամավոր, միայն երեքն են դեմ քվեարկել, 59-ը ձեռնպահ են մնացել:
Խորհրդարանականները Եվրախորհրդին կոչ են արել պահպանել միասնական դիրքորոշումը Թուրքիայի ապօրինի գործողությունների նկատմամբ եւ ընդգծել, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր կլինի բանակցությունների արդյունքում: Բրյուսելը նաեւ քննադատել է Թուրքիայի գործողությունները Լիբիայում, Սիրիայում եւ Ադրբեջանին բացահայտ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, հաղորդում է "Ռոսբալտը":
Հիշեցնենք, որ Անկարան ոչ միայն բացահայտորեն աջակցել է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, այլեւ ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին։ Ավելին, Թուրքիան վարձկաններ է հավաքագրել և Մերձավոր արևելքից տեղափոխել հակամարտության գոտի, ինչի մասին հայտարարել են նաև մի շարք տերությունների ղեկավարներ։