Արմինֆո. Պատգամավորական գործունեության 8 տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել եմ Արցախի Հանրապետության ճանաչման հարցին։ Այդ մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա պատմել է, որ այս տարիների ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Արցախի ճանաչման նախագիծ, սակայն վերջինս չի ընդունվել։ "Մեզ off-records ասում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները դեմ են Արցախի ճանաչմանը", - ասել է Մարուքյանը, նշելով, որ դրանից հետո իրենց կողմից կրկին փորձեր են արվել, որոնք համանման ելք են ունեցել: Պատգամավորը տեղեկացրել է, որ այդ նախաձեռնությունը հավանության չի արժանացել նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ՝ նույն ձևակերպմամբ, որ համանախագահող երկրները դեմ են:
"Եթե դա ճիշտ է, ապա թող Հայաստանի իշխանությունները, որոնք ղեկավարել են երկիրը վերջին 27 տարիների ընթացքում, պատասխանեն այն հարցին, թե արդյոք համանախագահող երկրները դեմ են արտահայտվել Արցախի ճանաչմանը։ Եթե այո, ապա ինչու ոչ ոք որևէ կերպ չարձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը",- ընդգծել է նա։
Մարուքյանը նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ի հատուկ նիստում, երբ երկրում ռազմական դրություն էր հայտարարվել, ինքը նաև բարձրացրել էր Արցախի ճանաչման հարցը: "Ես վարչապետին ասացի, որ նախկինում մենք Արցախը չէինք ճանաչում, քանի որ վախենում էինք, որ այդ որոշումը կարող է հանգեցնել պատերազմի: Բայց պատերազմն արդեն սկսվել է։ Միգուցե արդեն ժամանակն է, որ Արցախը ճանաչվի։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը կմտնի օրակարգ":
Որոշ ժամանակ անց, ինչպես նշել է Մարուքյանը, տարբեր քաղաքական ուժեր են դիմել իրեն ՝ առաջարկելով Արցախի ճանաչման վերաբերյալ լսումներ անցկացնել խորհրդարանում։ "Ես կապ հաստատեցի Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ, ով հավանություն տվեց այդ առաջարկին, սակայն խնդրեց հետաձգել, որպեսզի չվնասի պատերազմի ընթացքը: Այսինքն՝ այս հարցի շուրջ մեր բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ չպսակվեցին", - նկատել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրեր առաջ "Մոսկվա. Կրեմլ. Պուտին"-ի եթերում մանրամասն բացատրել էր, թե ինչու Ռուսաստանը Հայաստանին ուղղակի ռազմական օգնություն չի ցուցաբերել, չնայած այն հանգամանքին, որ նա ՀԱՊԿ անդամ է։ Պուտինը պարզաբանել էր, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, մարտերը տեղի են ունեցել միայն նրա տարածքում, մինչդեռ Երեւանն այդպես էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: