Արմինֆո. <Հայաստան> համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված 52,7 մլրդ դրամի ֆինանսական միջոցները փոխանցվել են ՀՀ կառավարությանը: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ ։
Աղբյուրի համաձայն՝ նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ:
Նշենք, որ <Հայաստան> համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների սկսվելուց ի վեր <Մենք ենք մեր սահմանները> ծրագրի շրջանակներում կազմակերպել էր համազգային դրամահավաք: Նախագծի շրջանակներում հաջողվել է հավաքագրել 170 մլն դոլար։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով տնտեսագետ Սուրեն Պարսյանին, հայտնել էր, որ Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե։
<Համահայկական հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Իսկ Հիմնադրամի նպատակների մեջ ռազմական կամ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու դեպքեր սահմանված չեն։ Դրամական միջոցները կարող են օգտագործվել Հիմնադրամի կողմից հաստատված ծրագրերի շրջանակում։ Առհասարակ ՀՀ պետական բյուջեն իրենից ներկայացնում է մի «կաթսա», որտեղ փոխանցվող գումարների նպատակային նշանակությունը գոյություն չունի։ Հետևաբար, այդ գումարները կարող էին ծախսվել ցանկացած նպատակով, այդ թվում՝ աշխատավարձերի և պարգևավճարների համար>,- նշել էր Պարսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Սփյուռքի կողմից հավաքագրված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի կարիքը զգացվելու է Արցախի ենթակառուցվածքները վերականգնելիս, մասնավորապես՝ ճանապարհներ, կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ, ինտերնետային ցանց), շենքեր, շինություններ, դպրոցներ և այլ քաղաքացիական օբյեկտներ։