Արմինֆո. Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ:
Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին:
Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ: