Արմինֆո.Թուրքիան պետք է չսահմանափակվի բառերով, այլ իրական գործողություններ ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել իրավիճակը աշխարհի մի շարք տարածաշրջաններում և բարենպաստ ազդեցություն ունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով ֆրանսիական LCL լրատվական հեռուստաալիքի եթերում։
"Բացարձակապես բավարար չեն այն հաշտեցման հայտարարությունները, որոնք վերջին երկու-երեք օրերին անում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեզ անհրաժեշտ են իրական գործողություններ", - ընդգծել Է Լե Դրիանը: Այդ գործողությունների թվում, ինչպես նշել է ֆրանսիացի նախարարը, կան "շատ պարզ գործողություններ, որոնք պետք է իրականացնել Միջերկրական ծովում եւ Լիբիայում, կան նաեւ պարզ գործողություններ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ", - նշել է նա ՝ կարեւորելով այդ տարածքից այն սիրիացի զինյալներին հեռացնելը, որոնք այնտեղ են հայտնվել Թուրքիայի աջակցության շնորհիվ:
"Մենք շատ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ", - նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Նա մատնանշել է այդ երկրի "էքսպանսիոնիստական նկրտումները", մասնավորապես, Լիբիայում "կատարված փաստի քաղաքականությունը", ինչպես նաեւ համանման ակցիաները արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանի նկատմամբ, որտեղ "Թուրքիան դե ֆակտո ագրեսիվ գործողություններ է իրականացնում ԵՄ անդամ երկու երկրների նկատմամբ":
"ԵՄ-ն հոկտեմբերին հայտարարել էր, որ դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում մի շարք դիրքորոշումների առնչությամբ Թուրքիայի ստուգում կանցկացնի, այսինքն՝ մի քանի օրից ։ Հենց այնտեղ էլ մենք գնահատական կտանք տեղի ունեցածին", - ասել է Լե Դրիանը։