Արմինֆո.Հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը նշանավորեց միջազգային իրավունքի, բազմակողմանիության եւ դիվանագիտական միջոցներով հակամարտությունների լուծման փորձերի պարտությունը: Այդ մասին հայտարարել Է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերը (Շվեյցարիա)՝ Արևելյան Եվրոպայի ուսումնասիրման գերմանական ընկերության կազմակերպած առցանց բանավեճի ժամանակ, հաղորդում է DW-ն։
Ռուսաստանի ղեկավարությունն, իր հերթին, Բեխլերի արտահայտությամբ, "ֆանտաստիկ" կերպով օգտագործեց տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար ներկայացված հնարավորությունը, եւ արդյունքում հակամարտության երկու կողմերն էլ ստացան այն, ինչ ամենաքիչը ցանկանում էին ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերը։
Իր հերթին, ԵՄ-ն, շվեյցարացի դիվանագետի կարծիքով, հերթական անգամ կարող է "կորցնել" Հարավային Կովկասը: Նա նշել է, որ ղարաբաղյան պատերազմում պարտվելուց հետո հարվածի տակ է հայտնվել 2018 թվականին խաղաղ ցույցերի արդյունքում իշխանության եկած Փաշինյանի կառավարության "ժողովրդավարական փորձը":
Միաժամանակ, Վրաստանը հերթական ներքաղաքական սրացումն է ապրում խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ, ըստ Բեխլերի, արդեն ավտորիտար ռեժիմ է հաստատվել։ Նախկին ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ, ի տարբերություն ՌԴ-ի, ո՛չ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն պատրաստ չեն տարածաշրջանում ավելի զգալի դերակատարման:
Բեխլերը խոստովանել է, որ 2016-2018 թվականներին ԵԱՀԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնում իր աշխատանքի ժամանակ "նույնիսկ պատկերացնել չէր կարող", որ գործը կհասնի ռազմական գործողությունների: Նա համոզված է, որ այդ "միանգամայն ավելորդ պատերազմից " կարելի էր խուսափել, եթե բանակցային գործընթացը մնար ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Գյունտեր Բեխլերը նշել է կրակի դադարեցման եւ Ղարաբաղում շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայման խիստ կարեւորությունը: Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման լեգիտիմացման հարցը բաց է, պարզ չէ, օրինակ, կընդունվի ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի կամ ԵԱՀԿ բանաձև հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին: Բաց է նաեւ այն հարցը, թե արդյոք շարունակվելու են քննարկումները
Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դիվանագետի կարծիքով, մարտերը դադարել են, բայց առաջացել են ավելի շատ բաց հարցեր, քան դրանք եղել են պատերազմից առաջ։ Սկզբում Ղարաբաղում ռազմական գործողություններին ռուսական իշխանությունների զուսպ արձագանքը Բեխլերը գնահատել է որպես իրավիճակի այն աստիճանի սրմանն ուղղված մտահղացման մի մասն, որը թույլ կտար "ուժեղ հարեւանին" միջամտել հակամարտությանը եւ իր կամքը պարտադրել երկու կողմերին։
Շվեյցարացի դիվանագետը չի կասկածում, որ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված հրադադարի համաձայնագիրը հեռահար հետեւանքներ կունենա ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի համար, այդ թվում՝ նաեւ կողմերի միջեւ համաձայնեցված Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային միջանցքի պատճառով, որը թուրք արտահանողներին թույլ կտա իրենց ապրանքներն ավելի կարճ ճանապարհով ուղարկել Չինաստան' շրջանցելով Վրաստանը: