Արմինֆո. Եվրամիությունը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"ԵՄ-ն գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը հակամարտության բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում 'Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում", - նշվում Է հայտարարության մեջ:
Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ համաձայնագրի դրույթների կատարմանը, հատկապես՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին:
Բոորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում լիարժեք ու շուտափույթ դուրս բերել բոլոր օտարերկրյա գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանից։ "ԵՄ-ն կոչ է անում բոլոր տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունց կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել հրադադարը։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում լիարժեք ու շուտափույթ դուրս բերել բոլոր օտարերկրյա գրոհայիններին տարածաշրջանից", - ասված է հայտարարությունում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի սկզբին ԵՄ գագաթնաժողովում հայտարարել էր Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղ սիրիացի գրոհայինների տեղափոխման փաստերի մասին: Այդ մասին առաջինը հայտարարել էր ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Այս ամենից հետո Բրյուսելը Անկարային կոչ է արել չմիջամտել հակամարտությանը եւ աջակցել դրա կարգավորմանը: