


Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այսօր առաջնահերթություն պետք է դառնա Արցախի միջազգային ճանաչումը։
Այսպես՝ նոյեմբերի 17 - ին Մոսկվայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին, մասնավորապես ասել է. <Գիտեք, ես չեմ կարող մեկնաբանել այն մեկնաբանությունները, որոնք կտրված են նոյեմբերի 9-ի երեք առաջնորդների հայտարարության բովանդակությունից ։ Այս հայտարարության մեջ սահմանված է այն ամենը, ինչի մասին պայմանավորվել են>։
Դրա հետ մեկտեղ Լավրովն արձանագրել է, որ Հայաստանում այժմ բարդ բանավեճեր են ընթանում, բայց 17 կուսակցություններ, որոնք միավորվել են իրենց երկրի շահերը պաշտպանելու համար, միանշանակ դեմ են արտահայտվել այդ հայտարարությունը վերանայելու որեւէ փորձին: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը ելնում է դրանից եւ անելու է ամեն ինչ, որպեսզի նման փորձեր չլինեն, կամ դրանք առնվազն հաջողությամբ չպսակվեն:
Անդրադառնալով փախստականների վերադարձի եւ զորքերի դուրսբերման հարցին ՝ ռուս նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ամեն ինչ մանրամասն գրված է փաստաթղթում, եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդները հստակ պատկերացում ունեն այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին։



