Արմինֆո. Իշխող "Իմ քայլը" խմբակցության մի քանի պատգամավորներ հայտարարել են խմբակցությունը լքելու եւ մանդատը վայր դնելու մտադրության մասին ։ Այս մասին պատգամավորները հայտնել են Facebook-ի իրենց էջերում ։
Ուշագրավ է, որ իշխող կուսակցության պատգամավորները սկսել են լքել "Իմ քայլը" կուսակցության շարքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիշերային աղմկահարույց հայտարարությունից հետո։ <Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ <Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը>,- հայտարարել էր վարչապետը։ Այս հայտարարությունից հետո մանդատը վայր դնելու մտադրության մասին հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով ներողություն է խնդրել քաղաքացիներից թույլ տված սխալների համար։
Իսկ մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ տեղեկացրել է, որ այսօր դիմում է ներկայացնելու "Իմ քայլը" դաշինքից դուրս գալու վերաբերյալ: <Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից>,- ասել է նա։
Պատգամավոր Լուսինե Բադալյանն ընդգծել է, որ եթե "Իմ քայլը" խմբակցությունը շտապ ակտիվ քայլեր չձեռնարկի, ինքը նույնպես մտադիր է մանդատը վայր դնել: Նշենք, որ ավելի վաղ "Իմ քայլը" խմբակցությունից հեռանալու մասին հայտնել էր պատգամավոր Վարդան Աթաբեկյանը:
Հրաժարական է տվել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։