Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ստորագրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, կարող է հրաժարական տալ մոտ ժամանակներս: «Գազետա.ռու»-ում այդպիսի կանխատեսում է արել Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
"Գործող վարչապետը շատ բարդ վիճակում է։ Նրա օրերը, որպես երկրի ղեկավար, գրեթե հաշված են։ Շաբաթներ առաջ պատասխանատու քաղաքական գործիչներն արդեն խոսում էին իշխանությունը զինվորականներին հանձնելու անհրաժեշտության մասին։ "Թավշյա հեղափոխության" տարիներին հաղթողից ու ժողովրդականություն վայելող առաջնորդից Փաշինյանը վերածվեց բնավ ժողովրդականություն չվայելող գործչի", - ասել է նա։ Զատուլինի կարծիքով՝ ձեռք բերված պայմանավորվածություններից գոհ չեն հակամարտության երկու կողմերը։ "Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը հարկադրված միջոց է երկու կողմերի համար։ Ադրբեջանը ակնկալում էր ավելին և Թուրքիայի օգնությամբ մեծացնում էր իր հարձակումը, իսկ Հայաստանը ռազմական պարտություն կրեց և կորցրեց նախկինում գրաված շրջանները", - եզրափակել է պատգամավորը։ Նախօրեին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական եւ հայկական կողմերը կմնան գրավյալ դիրքերում, տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ: