
Արմինֆո. «Արտահայտելով ընդհանուր կարծիք՝ նշեմ, որ ԱՊՀ հիմնական նպատակը շարունակում է մնալ տնտեսության ոլորտում, հումանիտար բնագավառում, անվտանգության և քաղաքական փոխգործակցության ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումը: Հայաստանը ողջունում է նշված ոլորտներում փոխգործակցության և համագործակցության նախաձեռնությունները և պատրաստ է աջակցելու ընդունվող որոշումների արդյունավետ իրականացմանը», - հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի տեսակապով նիստի ժամանակ իր ելույթում:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ առկա պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լրացնելու հետագա ջանքերը կբարձրացնեն կազմակերպության շրջանակներում երկրների բազմակողմ փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում ԱՊՀ իրական ներդրումը:
«Հերթական անգամ նշեմ, որ Հայաստանը պատրաստ է շարունակել գործնական քայլերը մեր կազմակերպության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձևավորման գործում: Ինչպես հայտնի է, համաշխարհային մասշտաբով յուրաքանչյուր տնտեսական անկայունություն խթան է նոր մոտեցումների, նորամուծությունների և գիտական նվաճումների կապիտալիզացիայի համար: Եվ այս առումով մենք առանձնահատուկ կարևորում ենք ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը նորարարական, կրթական, տեղեկատվական և այլ ոլորտներում: Հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնում խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ մեր երկրում թվայնացումը, նորարարությունը և տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություններ են:
Այս համատեքստում հայկական կողմը կարևորում է մինչև 2030թ. ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի ընդունումն ու թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Հայկական կողմը աջակցում է նաև նիստին առաջարկվող փաստաթղթերի ընդունմանը, որոնք կարգավորում են և ուղղված են տարբեր ոլորտներում շահագրգիռ փոխգործակցության արդեն առկա մեխանիզմների կատարելագործմանը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և զարգացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ինչպես նաև ԱՊՀ պետությունների տարածքներում միջազգային փոխադրումների անվտանգության ապահովման ոլորտներում: Առաջիկա երկու տարվա համար հումանիտար ոլորտում համագործակցության առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունումը մենք ընկալում ենք որպես հումանիտար ոլորտում կապերի ամրապնդման և շփումների ընդլայնման հերթական քայլ: Մեծապես կարևորում ենք տնտեսության և միջպետական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին հնգամյակի իրականացման միջոցառումների ծրագրի ընդունումը, որն ընդգրկում է նաև ԱՊՀ երկրների տնտեսությունների համար համավարակի բացասական հետևանքները նվազագույնին հասցնելու միջոցառումներ: Համապատասխանաբար, մենք հատուկ կարևորում ենք համագործակցությունը՝ առողջապահության, բնակչության առողջության պահպանման, վերականգնման ու բարելավման, սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման և բժշկության ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ուղղություններով: Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել մեր պատրաստակամությունը ԱՊՀ երկրների հետ համատեղ ներդաշնակեցնելու համավարակի դեմ պայքարում մեր ջանքերը և բարձրացնելու դրա արդյունավետությունը», - ընդգծել է Հայաստանի փոխվարչաապետը: