


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, <ՌԻԱ Նովոստի>-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
<Այդ տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում գործընկեր ծառայություններից>, - ասել է Նարիշկինը:
Նշենք, որ օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը <Կոմերսանտ> հարցազրույցում հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելքից վարձկանների թիվը ղարաբաղյան հակամարտության գոտում մոտենում է երկու հազարի ։ Լավրովն ընդգծել էր, որ Ռուսաստանին մտահոգում է հակամարտության միջազգայնացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների մասին հրապարակավ խոսել են և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ ։ Այդ մասին գրել են նաև մի շարք միջազգային հեղինակավոր պարբերականներ ՝ հրապարակելով Թուրքիայի կողմից նրանց Ադրբեջան տեղափոխելու հավաստի փաստերն ու սխեմաները։



