Արմինֆո.Ամերիկյան Trimble ընկերությունը խզում է Թուրքիայի հետ իր պայմանագիրը։ Այդ մասին հաղորդել է Trimble ընկերության փոխտնօրեն Ջիմ Քիրքլենդը: Հաղորդվում է, որ Trimble-ն թուրքական շուկան ապահովում էր սարքերով՝ «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, որոնք այսօր Թուրքիայի մատուցմամբ օգտագործվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ:
Նշենք, որ ամերիկյան Trimble ընկերությունն աշխատում է գլոբալ նավիգացիայի (GPS) արբանյակային համակարգերի ազդանշաններով գտնվելու վայրը որոշելու համակարգերի մշակման ոլորտում, ինչպես նաեւ զբաղվում է գեոդեզիական սարքերի մշակմամբ եւ առաջ մղմամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ համագործակցությունն ընդհատել է նաև ամերիկյան Viasat ընկերությունը ։ Ավելի վաղ, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին, Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր, որ դադարեցնում է կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա, քանի որ դրանք կարող են օգտագործվել հակամարտության գոտում: