Արմինֆո. Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեկնում են Մոսկվա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդ է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:
ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:
Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից», - գրել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ օրեր առաջ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել էր նրա
անձնագիրը՝ այդպիսով նրա համար ճանապարհ բացելով Հայաստանի սահմաններից դուրս։ Անձնագիրն
առգրավվել էր ՀՀ երկրորդ նախագահի գործով դատաքննության պատճառով։