Արմինֆո. Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:
Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: