Արմինֆո. Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Ինչպես «Ֆեյսբուքի» էջում գրել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն, իր հերթին, հաղորդել է, որ առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել էր օդային տագնապ: «08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն», - ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում: